National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.02.2022
Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ
1 / 1

Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը: ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը՝ նշելով.

«Հարգելի գործընկերներ,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Հասանին եւ տիկին Ռոսիկին իրենց ուղերձների համար:

Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել երրորդ հանձնաժողովի զեկուցող դոկտոր Գուդրուն Քուգլերին՝ զեկույցի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու համար: Ներկա լինելով փետրվարի 4-ի մաքուր էներգիայի հեղափոխության վերաբերյալ առցանց երկխոսությանը՝ շատ գնահատում եմ այն, թե ինչպես է դոկտոր Քուգլերը հավաքագրել բոլոր մասնակիցների կարծիքները եւ վստահ եմ, որ դա կարվի այսօրվա հանդիպման դեպքում եւս:

Կցանկանայի խոսել այն մասին, թե ինչպես եմ տեսնում Հայաստանի առաջընթացն այսօրվա օրակարգի շրջանակներում:

Հայաստանը հանածո վառելանյութ արտադրող երկիր չէ, եւ ածխածնային չեզոքության անցումը մեզ համար բնական սկզբունք է, որը բխում է մեր էներգետիկ անվտանգության եւ կանաչ աճի նպատակներից:

Փարիզի համաձայնագիրը յուրաքանչյուր երկրից պահանջում է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ոչ պարտադիր, սակայն կարեւոր հանձնառություններ են` մեղմելու կլիմայի փոփոխությունը: Անցյալ տարի Հայաստանը վերանայել է իր՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Մեր տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն այն երկու երկրներն են, որոնք կամավոր նման հանձնառություններ են ստանձնել:

Հայաստանն արդեն օգտագործում է իր հասանելի հիդրոէլեկտրաէներգիայի ռեսուրսների մոտ 80 տոկոսը, իսկ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում հիդրոէներգիան կազմում է ավելի քան 30 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է պահում մեր «ածխածնային հետքը»:

Մեր նպատակն է մինչեւ 2030 թվականն արեւային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը եւ զրոյական արտանետումներով էլեկտրաէներգիայի արտադրության բաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 54 տոկոսը:

Կա մեկ կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն, որին ոգեւորությամբ սպասում եմ. դա փոքր արտադրողների, այդ թվում՝ սպառողների համար էլեկտրացանցերի հասանելիության ապահովումն է, որպեսզի նրանք, ովքեր տեղադրել են արեւային եւ հողմային էներգիա արտադրող կայաններ՝ իրենց սեփական կարիքները բավարարելու նպատակով, կարողանան շուկայում վաճառել էլեկտրաէներգիա:

Վերջին նկատառումս հետեւյալն է. ես իմ երկրի ժողովրդավարական զարգացումը եւ կանաչ էներգիան տեսնում եմ որպես երկու փոխկապակցված օրակարգեր եւ դրանք հակադրում ավտորիտարիզմին, նավթադոլարներին եւ հակամարտությունների հարատեւմանը: Սա հատկապես կարեւոր է Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կանաչ տնտեսության մասին Ադրբեջանի պատումները չեն կարող քողարկել Ադրբեջանի նավթադոլարների եւ դրանց գնած զենքերի պատճառած ավերածությունները»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am